Լեհաստանի առևտրի կենտրոններից մեկում պայթուցիկ սարք է գործարկվել
ՄիջազգայինԼեհաստանի Բելոստոկ քաղաքի առևտրի կենտրոններից մեկում պայթուցիկ սարք է գործարկվել, ոչ ոք չի տուժել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ RMF FM ռադիոկայանին հղումով։
«Ամեն ինչ ավարտվեց պայթյունի բարձր ձայնով, սակայն կարող էր ողբերգության հանգեցնել։ Պայթուցիկ սարքը, հավանաբար, չի գործարկվել պատշաճ կերպով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ռադիոկայանի տվյալների համաձայն՝ դեպքի վայրում հայտնաբերվել են դյուրավառ հեղուկով տարաներ։
Ոստիկաններն այժմ պետք է պարզեն՝ ինչ տեսք է ունեցել պայթուցիկը մինչ պայթյունը, և արդյոք նպատակն էր հրդեհ առաջացնել հաստատությունում։
Առևտրի կենտրոնի ադմինիստրատորը հայտնել է, որ նախկինում երբեք սպառնալիքներ չեն ստացել և չգիտեն՝ ով է կանգնած կատարվածի ետևում։