Ալիեւը երկու գեներալի պաշտոնաթող է արել. կոռուպցիոն սկանդալ Ադրբեջանի զինուժում
ՄիջազգայինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պաշտոնից ազատել է Ջումշուդ Նախչըվանսկու անվան ռազմական ուսումնարանի պետ, գեներալ-մայոր Միրզա Ալմասովին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, haqqin.az-ին հայտնել է ռազմական հաստատության աղբյուրը:
Ալիեւն իր մյուս հրամանագրով պաշտոնից ազատել է նաեւ ՊՆ գլխավոր ռազմական տեսչության պետ, Ադրբեջանի ազգային հերոս, գեներալ-մայոր Ֆահրադդին Ջաբրայիլովին:
Ադրբեջանի Պն մամուլի ծառայությունը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է տվյալ տեղեկությունը` նշելով միայն, որ մամուլը կտեղեկացվի ՊՆ-ում տեղի ունեցած բոլոր կադրային փոփոխությունների մասին:
Ադրբեջանի ԶՈւ երկու բարձրաստիճան գեներալներին պաշտոնաթող արվելու մասին տեղեկությունը հաստատել է նաեւ ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը:
Գեներալներ Միրզա Ալմասովի եւ Ֆահրադդին Ջաբրայիլովի անունները բազմիցս հոլովվել են զինված ուժերում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալներում:
Ադրբեջանի գլխավոր դատախազությանը կից կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները հուլիսի 28-ին կոռուպցիայի, կաշառակերության եւ պաշտոնեական չարաշահումների մեղադրանքներով ձերբակալել են ՊՆ գլխավոր ռազմական տեսչության երեք բարձրաստիճան սպաների:
Ֆահրադդին Ջաբրայլիովը ՊՆ ռազմական տեսչության պետ է նշանակվել 2013 թվականին Զաքիր Հասանովի` Ադրբեջանի պաշտպանության նախարար նշանակվելուց հետո: Նրան գնդապետի կոչումով պահուստից ծառայության էր կանչել նորանշանակ նախարարը: Զաքիր Հասանովը հույս ուներ, որ Ադրբեջանի ազգային հերոսի վերադարձը զինված ուժեր եւ Գլխավոր ռազմական տեսչության պետի պաշտոնում նրա նշանակումով «վերջ կդրվի բանակում արմատացած կոռուպցիային», ինչով, սակայն, մեկ անգամ եւս ապացուցվեց, որ ադրբեջանական բանակում կոռուպցիան հաղթահարելն անհնարին է: