Թուրքիայում Կուրբան Բայրամի օրերին ծովում խեղդվել է 40 մարդ
ՄիջազգայինԹուրքիայում Կուրբան Բայրամի ժամանակ հայտարարված պետական արձակուրդի օրերին երկրի տարբեր լողափերում խեղդվել է 40 քաղաքացի, գրում է թուրքական T24 կայքը։
Հայտնի է, որ ամենաշատ դեպքերը գրանցվել են Սամսուն քաղաքում, այստեղ Սև ծովի ջրերում մահացել է 7 մարդ։ Խեղդվելու դեպքեր են գրանցվել նաև Ուրֆայում, Անթալիայում, Բալըքեսիրում և այլուր։
Նշենք, որ Կուրբան Բայրամի ժամանակ ավտոճանապարհային պատահարների հետևանքով Թուրքիայում մահացել է 144 մարդ։
Իսկ Կուրբան Բայրամի տոնակատարությունների շրջանակում կենդանիների զոհաբերությունների ժամանակ կտրող-ծակող գործիքների հետ անզգույշ վարվելու հետևանքով վիրավորվել է 7.088 մարդ։