Սենատոր Մաքքեյնի ընտանիքը Թրամփին չի հրավիրել նրա հուղարկավորությանը
ՄիջազգայինԱմերիկացի սենատոր, պատերազմի հերոս Ջոն Մաքքեյնի ընտանիքն ականավոր քաղաքական գործչի հուղարկավորության արարողությանը չի հրավիրել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին, գրում է Daily Mail-ը՝ նկատելով, որ թեև Մաքքեյնն ու Թրամփը հանրապետական կուսակիցներ էին, սակայն մշտապես վատ հարաբերություններ են ունեցել:
Մաքքեյնը նախագահի վարած քաղաքականության ամենահայտնի քննադատներից էր:
Հատկանշական է, որ ինքը՝ Մաքքեյնը, մահից մի քանի ամիս առաջ հայտարարել էր, որ չէր ցանկանա, որ 72-ամյա նախագահը ներկա լիներ իր հուղարկավորության արարողությանը:
Սենատորը դեռևս կենդանության օրոք խնդրել էր, որ նախկին նախագահներ Ջորջ Բուշ-կրտսերն ու Բարաք Օբաման հանդես գան մահախոսականով:
Նշվում է, որ հուղարկավորության արարողությանը հրավիրված է երկրի փոխնախագահ Մայք Փենսը:
Հայտնի է, որ 81-ամյա սենատորը կյանքից հեռացել է օգոստոսի 25-ին՝ Արիզոնայի իր տանը: Նրա մոտ ախտորոշվել էր գլխուղեղի քաղցկեղի ագրեսիվ ու հազվագյուտ տեսակ: