Մարզահամերգային համալիրի գինը 30 մլն դոլարից ավելին է. նախկին սեփականատիրոջ ներկայացուցիչ
ՀասարակությունԿարեն Դեմրճյանի անվան մարզահամերգային համալիրի իրական գինն ավելին է, քան 30 մլն ԱՄՆ դոլարը: Այսօր՝ օգոստոսի 14-ին, նման կարծիք հայտնեց համալիրի նախկին «ԲԱՄՕ» ընկերության ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը՝ հավելելով, որ միայն իրենց ընկերությունը կատարել է ավելի քան 40 մլն դոլարի ներդրում:
Նախկին սեփականատիրոջ ներկայացուցչի խոսքով՝ իրենք համալիրը երբեք բիզնես նախագիծ չեն դիտարկել: Ավելին, իրենք խնամել են նույնիսկ համալիրի հարակից տարածքը, քանի որ այն նույնպես համարվում է պատմամշակութային հուշարձանի տարածք. «Երբ ԴԱՀԿ-ն աճուրդի էր հանել շենքը, ինչո՞ ւ ոչ ոք չգնեց այն: Ես՝ որպես քաղաքացի դեմ եմ համալիրի տարածքում զվարճանքի կենտրոն ստեղծելուն, որովհետեւ այն աղավաղելու է համալիրի տեսքը, նշանակությունն ու արժեքը»:
«ԲԱՄՕ» ընկերության փաստաբան Արմինե Հակոբյանն էլ իր հերթին նշեց, որ համալիրը չպետք է վաճառվեր, մինչեւ դատական գործերի ավարտը:
Նշենք, որ ընկերությունն ավելի քան 5 դատական գործ ունի տարբեր ատյաններում: Նրանք վիճարկում են համալիրը՝ ՊՆ-ին տրամադրելու որոշումը, ինչպես նաեւ պահանջում են իրենց գույքը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին կայացած կառավարության նիստի ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ Մարզահամերգային համալիրը 30 մլն դոլարով վաճառվում է «Նտաա ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ–ին: Վերջինս պարտավորվում է 4 տարվա ընթացքում համալիրի տարածքում ստեղծել զվարճանքի կենտրոն, այդ թվում խաղատուն, հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ:
Աղբյուրը՝ NEWS.am