Ֆեդերերն ու Ջոկովիչը Ցինցինատիի մրցաշարի եզրափակչում են
ՍպորտՇվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը դուրս է եկել Ցինցինատիում ընթացող «Masters 1000» մրցաշարի եզրափակիչ, որտեղ կմրցի սերբ Նովակ Ջոկովիչի հետ:
Մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերի մրցակիցը` բելգիացի Դևիդ Գոֆենը, հրաժարվել է շարունակել պայքարը, երբ հաշիվը 7:6 (7:3), 1:1 է եղել` հօգուտ Ֆեդերերի:
Այդ պահին խաղն ընթացել է 1 ժամ 4 րոպե:
Ֆեդերերը երկու կրկնակի սխալ է թույլ տվել և 4 բրեյք-փոինթներից ոչ մեկը չի իրացրել: Գոֆենի ակտիվում 1 էյս կա և 4 սխալ: Թենիսիստների անձնական դիմակայությունում հաշիվը դարձել է 7:1` հօգուտ շվեյցարացու:
Նշենք` Նովակ Ջոկովիչը մրցաշարի կիսաեզրափակչում հաղթել է խորվաթ Մարին Չիլիչին` 3 սեթում առավելության հասնելով 6:4, 3:6, 6:3 հաշիվներով:
Մրցաշարի եզրափակիչ հանդիպումը կկայանա կիրակի` օգոստոսի 19-ին: