«ԱՄՆ-ն չգիտի, թե ով է իր իրական բարեկամը»․ Թուրքիայի արտգործնախարար
ՄիջազգայինԹուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածությունը կարելի է շատ հեշտ լուծել, սակայն դրա համար ԱՄՆ-ն պետք է փոխի իր՝ այժմ ունեցած հայացքները, գրում է «Բիրգյուն» պարբերականը։
«ԱՄՆ-ն չգիտի, թե ով է իր իրական բարեկամը, չի կարողանում տեսնել։ Նրանք պետք է հասկանան, որ այս ամենը կովբոյական ֆիլմ չէ, մենք ֆիլմում չենք խաղում։ Մենք երկու մեծ երկրներ ենք, որոնց հարաբերությունները պետք է որ լավ լինեն, սակայն նախ պետք է սովորենք հարգել միմյանց, նման ճնշման պայմաններում դա չի լինի»,- ասել է թուրք նախարարը։
Թուրք-ամերիկյան նոր լարվածության պատճառ է դարձել Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի դատական գործը։ Չնայած ԱՄՆ-ի խիստ պահանջներին՝ Թուրքիան հրաժարվում է ազատ արձակել Բրանսոնին։
Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ-ն կրկնապատկել է Թուրքիայից ալյումինի ու պողպատի ներկրման համար մաքսատուրքերը, ինչպես նաև Թուրքիայում ամերիկացի հոգևորականի կալանավորման շուրջ տարաձայնությունների ֆոնին նոր պատժամիջոցներ է սահմանել Անկարայի նկատմամբ:
Անցյալ շաբաթ թուրքական լիրան գրանցել է ամերիկյան դոլարի նկատմամբ ռեկորդային անկում․ մեկ դոլարը Թուրքիայում հասել է մինչև 7․2 թուրքական լիրայի, մինչդեռ դրանից մեկ շաբաթ առաջ մեկ դոլարը վաճառվում էր 4․8 լիրայով։