Պրեմիեր լիգան կարող է վերադառնալ տրանսֆերային պատուհանի նախկին ձևաչափին
ՍպորտՀնարավոր է՝ Անգլիայի Պրեմիեր լիգան վերադառնա ամառային տրանսֆերային պատուհանի նախկին ձևաչափին:
«The Mirror»-ը հաղորդում է, որ Պրեմիեր լիգայի ակումբներից երկուսը դեմ են փոփոխված ձևաչափին և համապատասխան դիմում են ներկայացրել Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիա:
Հաջորդ ամսվա ընթացքում Պրեմիեր լիգայի ակումբների ներկայացուցիչների միջև պաշտոնական հանդիպում է կայանալու, որի ընթացքում քվեարկության կդրվի տրանսֆերային պատուհանի նախկին ձևաչափին վերադառնալու հարցը: Նախկին ձևաչափը կվերահաստատվի, եթե 20 ակումբներից 14-ը կողմ քվեարկեն:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանից սկսած Պրեմիեր լիգայում փոխվել են ամառային տրանսֆերային պատուհանի անցկացման ժամկետները. պատուհանը բացվում է մայիսին, փակվում՝ առաջնության մեկնարկից մեկ օր առաջ:
Մյուս լիգաներում տրանսֆերային պատուհանը բաց է մինչև օգոստոսի 31-ը, ուստի Պրեմիեր լիգայի ակումբները կարող են մինչ այդ ֆուտբոլիստների վաճառել այլ լիգաներ, սակայն նորերին հայտավորել չեն կարող: