Կյանքից հեռացել է ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը
Հասարակություն97 տարեկանում մահկանացուն է կնքել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՌԴ Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, հայկական մեխանիկայի դպրոցի հիմնադիրներից, պետական եւ հասարակական գործիչ Սերգեյ Համբարձումյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ նախագահությունը:
Սերգեյ Համբարձումյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6-ին ժամը 18:00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորության արարողությունը՝ օգոստոսի 7-ին ժամը 14:00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության շենքից: Ակադեմիկոսի հուղարկավորությունը կազմակերպելու համար կառավարական հանձնաժողով է ստեղծվել:
Սերգեյ Համբարձումյանի առաջին իսկ աշխատանքները գրավել են համաշխարհային գիտական հասարակության ուշադրությունը՝ հիմք հանդիսանալով Մեխանիկայի հայկական դպրոցի միջազգային ճանաչման համար: Ակադեմիկոսի գիտական հետազոտությունների հիմնական բնագավառը դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկան է, որտեղ նա գիտական մի շարք նոր ուղղությունների հիմնադիրներից մեկն է:
Համբարձումյանը ստեղծել է անիզոտրոպ շերտավոր թաղանթների տեսությունը, որի հիման վրա լուծվել են հույժ կարևոր խնդիրներ թռչող սարքերի և բարակապատ կառուցվածքների հաշվարկների և նախագծման վերաբերյալ: Սերգեյ Համբարձումյանի կողմից առաջարկվել են նաեւ սալերի և թաղանթների ճշգրտված տեսություններ, որոնք օգնել են նոր տեսանկյունից դիտարկելու ժամանակակից կոմպոզիցիոն նյութերից պատրաստված բարակապատ համակարգերի հաշվարկի պրոբլեմները և խթանել են տեսական խորը հետազոտություններ: Իր աշակերտների հետ միասին Սերգեյ Համբարձումյանն առաջին անգամ մշակել է բարակ մարմինների մագնիսաառաձգականության տեսությունը:
Սերգեյ Համբարձումյանը մեծ դեր է ունեցել նաեւ Հայաստանի հասարակական կյանքում։ 1975-1980թթ. եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր ու նախագահ, իսկ 1979-1992թթ.՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1989 թվականից՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության անդամ, այդ ընթացքում մշտապես պաշտպանելով Հայաստանի շահերը: