ՀՀ ոստիկանապետը ճանապարհային ոստիկաններին կոչ է անում քաղաքացիների հետ շփումներում լինել բարեկիրթ
ՀասարակությունՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հուլիսի 31-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոստիկանության պետն անդրադարձել է ծառայության որակն ավելի բարձրացնելու խնդիրներին՝ ընդգծելով, որ ճանապարհային ոստիկանները քաղաքացիների հետ շփումներում պետք է լինեն չափազանց բարեկիրթ ու կոռեկտ՝ բացառելով կոռուպցիոն ցանկացած դրսևորում։
Վալերիյ Օսիպյանը հավաստիացրել է, որ բարեխիղճ ու սրտացավ ծառայողներն ըստ արժանվույն կգնահատվեն ոստիկանության ղեկավարության կողմից, իսկ ճանապարհային ոստիկանի և, առհասարակ, ոստիկանի պատիվն ու արժանապատվությունն իրենց գործողություններով արատավորող ծառայողները համակարգում տեղ չունեն։
Անդրադառնալով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման խնդիրներին՝ Վալերիյ Օսիպյանը հանձնարարել է ներողամտություն չցուցաբերել այն վարորդների նկատմամբ, որոնք կոպիտ կերպով խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները, բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ՝ վտանգելով նրանց կյանքն ու առողջությունը։
Խորհրդակցության ընթացքում ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի բարձրաձայնած խնդիրները ևս դարձել են քննարկման առարկա։ Ոստիկանության պետը դրանց արագ և արդյունավետ լուծման համար կոնկրետ ցուցումներ և հանձնարարականներ է տվել։