«Ինտերը» բանակցություններ է սկսել Մոդրիչի հետ
ՍպորտԻտալական «Ինտերի» ղեկավարությունը բանակցություններ է սկսել Մադրիդի «Ռեալի» ու Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ, գրում է gianlucadimarzio.com-ը:
Միլանյան ակումբը 32-ամյա ֆուտբոլիստի հետ կապ է հաստատել նրա հնարավոր տեղափոխության հարցով: 32-ամյա Մոդրիչը բաց է «Ինտերի» հետ բանակցությունների համար:
«Ինտերում» խաղում են խորվաթ կիսապաշտպանի հայրենակիցներ Իվան Պերիշիչն ու Մարցելո Բրոզովիչը, իսկ նախօրեին թիմի կազմը համալրել էր նաեւ Խորվաթիայի հավաքականի ու Մադրիդի «Աթլետիկոյի» պաշտպան Շիմե Վրսալկոն: Նախորդ մրցաշրջանում Մոդրիչը «Ռեալի» կազմում անցկացրել է 43 հանդիպում, դարձել 2 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ: Նա 2012 թվականից է խաղում «Ռեալում»: Ռուսաստանում այս ամռանն անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Մոդրիչը Խորվաթիայի հավաքականին օգնել էր դառնալ փոխչեմպիոն՝ ճանաչվելով մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ: