20-ամյա երիտասարդը «Վագա» ռեստորանից կտրած-ծակած վերքերով տեղափոխվել է հիվանդանոց. նա սթափ չի եղել
ՀասարակությունԿոտայքի մարզում, հուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 00։20-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղից իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքեր, ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ քաղաքացին ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Ջրվեժ գյուղի «Վագա» ռեստորանային համալիրից, նա 20-ամյա Տիգրան Հ.-ն է։ Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։