Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկելու են դատարանի որոշումը՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ
Հասարակություն«Մարտի 1-ի» գործով կալանավորված Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկելու են դատարանի որոշումը՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
Tert.am-ի հետ զրույցում Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանն ասաց, որ շուտով կներկայացնեն վերաքննիչ բողոքը՝ առայժմ աշխատում են փաստաթղթի վրա:
«Դեռ մուտք չենք արել: Դրա վրա ենք աշխատում։ Տեխնիկական մի քանի խնդիր կա, հիմա աշխատում ենք, որ շտկենք, կփորձենք այսօր վերջնականացնել»,- ասաց Արամ Օրբելյանը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է երկու ամսով:
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Նույն մեղադրանքն առաջադրվել է նաև պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի և ՀԱՊԿ ներկայիս գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ: