Թուրքիայի իշխանությունների կողմից հետապնդվող 6 մարդ Հունաստան փախուստի ճանապարհին խեղդվել է Էգեյան ծովում
ՄիջազգայինԹուրքիայից Հունաստանի Միտիլինի կղզի հասնել փորձող մարդկանց խմբի տեղափոխող լաստանավը խորտակվել է Էգեյան ծովի ջրերում, այս մասին հաղորդում է «Բիրգյուն» պարբերականը։
Նշվում է, որ լաստանավը դուրս է եկել թուրքական Այվալըք կղզուց։ Թուրքիայի 16 քաղաքացի փորձել է հասնել Հունաստանի ափեր։ Նրանցից հաջողվել է փրկել 9 հոգու, փրկարարները ջրից դուրս են բերել 6 մարդու դի, 1 մարդ դեռևս համարվում է անհայտ կորած։
Հայտնի է, որ մահացածներից 3-ը մանկահասակ երեխաներ են։
Աղբյուրը հաղորդում է, որ Թուրքիայից փախչել փորձող քաղաքացիներն իշխանությունների կողմից հետապնդվել են 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» խմբավորման անդամ լինելու համար։
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել էր արտակարգ դրություն, որը չեղարկվեց միայն այս տարվա հուլիսի 18-ին։