Սեւանի թերակղզու հանգստյան գոտում վեճի ժամանակ դանակահարել է երկու 22-ամյա երիտասարդի
ՀասարակությունՀուլիսի 25-ին, ժամը 12.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Սեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի ձախ մասի եւ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, չթափանցող վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1996 թ. ծնված Միքայել Ա.-ն եւ «ձախ թիակի կտրած-ծակած, չթափանցող վերք» ախտորոշմամբ՝ 1996 թ. ծնված Հայկ Ա.-ն:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք հիվանդանոցում հայտնել են, որ մարմնական վնասվածքները ստացել են թերակղզու տարածքում լողալիս ինչ-որ առարկայի դիպչելու հետեւանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում հուլիսի 25-ին, ժամը 13.30-ին, բաժին է ներկայացել 42-ամյա Ալիկ Ե.-ն եւ տվել խոստովանական բացատրություն, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, Սեւանի թերակղզու հարավային ափին գտնվող հանգստյան գոտում գտնվող իր տնակում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, իր ծալովի դանակով Միքայել Ա.-ին եւ Հայկ Ա.-ին նշված մարմնական վնասվածքները պատճառել է ինքը:
Հանցագործության գործիք դանակը ներկայացվել եւ վերցվել է:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն: