Երեխան հիվանդանոց է տեղափոխվել արդեն ծայրահեղ ծանր վիճակում. Արա Ասոյանը մահացած աղջնակի մասին
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
Երեւանի «Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոցում օգոստոսի 7-ին մահացած Ջուլիանա Սարգսյանի մոտ ախտորոշվել էր երկկողմանի ծանր թոքաբորբ. 6-ամսական երեխան հիվանդանոց էր տեղափոխվել արդեն ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանը:
«Երեխան մեզ մոտ է տեղափոխվել դեպքից 12 օր առաջ: Ինքս այդ պահին ընդունարանում էի, տեսա երեխային, միանգամից ուղարկեցի Վերակենդանացման բաժանմունք: Փոքրիկի վիճակը ծայրահեղ ծանր էր: Մենք 12 օր պայքարեցինք, սակայն կյանքը փրկել չհաջողվեց»,- ասաց Արա Ասոյանը:
Նա հայտնեց, որ փոքրիկ Ջուլիանային զննելու համար իրենք այլ կլինիկաներից մասնագետների են հրավիրել: Հետեւաբար, բժշկական անփութության մասին խոսք լինել չի կարող:
Նշենք, որ Ջուլիանա Սարգսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:
Ըստ Քննչական կոմիտեի՝ օգոստոսի 7-ին քաղաքացի Աղասի Սարգսյանը հաղորդում է տվել, որ նույն օրը` ժամը 12:40-ի սահմաններում, եղբոր դուստրը` Ջուլիաննա Արթուրի Սարգսյանը, Երեւան քաղաքի Արմենակյան 153 հասցեում գործող «Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոցում, բժիշկների անփութության հետեւանքով, մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։