Վահան Շիրխանյանն ազատ արձակվեց
Հասարակություն«Զինված խմբի» գործով ամբաստանյալներից, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն ազատ արձակվեց:
NEWS.am-ի թղթակիցը դատարանից հաղորդում է, որ դատավոր Արմեն Բեկթաշյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշեց փոխել Շիրխանյանի խափանման միջոցն ու անձնական երաշխավորությամբ ազատ արձակել: Հիշեցնենք, որ նրա համար անձնական երաշխավորություն են ներկայացրել Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Հովիկ Աղազարյանը:
Նախորդ նիստերի ժամանակ ազատ էին արձակվել այդ գործով անցնող Գառնիկ Մարգարյանը, Էդուարդ Ներսիսյանը (Ապար) եւ Խաչիկ Ավետիսյանը (Զիմ): Նրանց խափանման միջոց կալանքը փոխվել էր:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում՝ «Մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք, այդ թվում՝ զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել: Ավելի ուշ մեղադրանքներ առաջադրվեցին երկու տասնյակ անձանց: