Փորձագետները կանխատեսում են Էրդողանի հաղթանակը Թուրքիայի նախագահական ընտրություններում
ՀասարակությունԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փորձագետների կանխատեսմամբ՝ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղթանակ կտանի հունիսի 24-ին կայանալիք նախագահական ընտրությունների առաջին կամ երկրորդ փուլում, սակայն կարող է կորցնել վերահսկողությունը խորհրդարանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Թուրքիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Հասան Օկտայի խոսքով` ընտրություններին Էրդողանը 51-52 տոկոս ձայն կստանա` ընտրվելով հենց առաջին փուլում: «Եթե նա և հիմնական ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Մուհարեմ Ինջեն անցնեն հաջորդ փուլ, ապա Էրդողանը կհաղթի` մոտավորապես 60 տոկոս ձայն ստանալով»,-նշել է նա: