Երևանում փաստաբանների մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել 3 անձի
ՀասարակությունԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է փաստաբանների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 3 անձի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Դեպքը տեղի է ունեցել 2017թ. ապրիլի 27-ին` ժամը 14:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 2 հասցեում գտնվող աշխատասենյակներից մեկում. նախնական քննության տվյալներով՝ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել ՀՀ փաստաբանների պալատի անդամների միջև, որի ժամանակ փաստաբանները հարվածներ են հասցրել միմյանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ երեք անձի առաջադրվել է մեղադրանք. Ա.Սողոմոնյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով, Ս.Բաբայանին և Ա.Հարությունյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: