«Երեւան» հիմնադրամի աշխատասենյակներում կատարվել են խուզարկություններ. ԱԱԾ-ն մանարասնում է
ՀասարակությունՀայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից եւ Ա.Խ.-ից այն մասին, որ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման եւ գույքի ձեւակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երեւան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ:
ԱԱԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել եւ հափշտակվել է:
Հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ») եւ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի («Պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախություն») հատկանիշներով:
Երեւանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված «Երեւան» հիմնադրամի աշխատասենյակներում քրեական գործով կատարվել են խուզարկություններ: Իրականացվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ եւ քննչական գործողություններ` քաղաքացիներից գումարների հավաքագրման հանգամանքները, ծախսերի ուղղությունները եւ նպատակայնությունը, ինչպես նաեւ օրինականությունը պարզելու ուղղությամբ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազգային անվտանգություն ծառայությունն այսօր հատուկ գործողություններ է իրականացրել Երևանի քաղաքապետարանում: Մեր տեղեկություններով, ստուգումները կապված են «Երեւան» հիմնադրամի հետ: Հիշեցնենք, որ կրթության եւ գիտության նախարար նշել էր, թե հիմնադրամում, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Տարոն Մարգարյանն է, կարող են լինել կոռուպցիոն սխեմաներ: