Նորք Մարաշի զինված խմբի գործով դատական նիստից հետո ամբաստանյալների աջակիցները միակողմանի փակել են Տիգրան Մեծի պողոտան
ՀասարակությունԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Արմեն Բեքթաշյանի նախագահությամբ տեղի ունեցած դատական նիստից հետո ամբաստանյալների աջակիցները բողոքի ակցիա են կազմակերպել` միակողմանի փակելով Տիգրան Մեծ փողոտայի երթևեկությունը: Ինչպես տեղից հայտնեց «Արմենպրես»-ի թղթակիցը, նրանք պահանջում են ամբաստանյալների ազատ արձակումը և հայտարարել են, որ չեն հեռանա մինչև իրենց պահանջները չկատարվեն:
Ակցիայի մասնակիցները ճանապարհները փակել են օգտագործելով ոստիկանական արգելապատնեշները:
Նորք-Մարաշի զինված խմբի գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ավելի քան երեք տասնյակ մարդու: Ըստ մեղադրանքի` Արթուր Վարդանյանի գլխավորած զինված խումբը ծրագրել էր բռնությամբ զավթել իշխանությունը: Օրինակ՝ թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության և այլ հաստատությունների շենքերի վրա: Նրանց մեղադրանքներ են առաջադրվել հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մաս), հանցավոր համագործակցությանը մասնակցելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մաս) և կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու և կրելու (Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մաս) համար: