26-ամյա Մերի Մարգարյանի բժիշկը կոպիտ եւ անուշադիր է եղել. պատմում է մահացած ծննդկանի հայրը
Հասարակություն«Շենգավիթ» բժշկական կենտրոնից հուլիսի 27-ին «Էրեբունի» ԲԿ տեղափոխված եւ երկու օր անց մահացած 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի բժիշկ Շուշանիկ Բախշյանն անուշադրություն է մատնել Մերիին եւ կոպիտ եղել նրա նկատմամբ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց մահացած ծննդկանի հայրը՝ Վաղինակ Մարգարյանը:
«Բժիշկը շատ կոպիտ էր, աղջկաս կոպիտ էր վերաբերվում եւ ասում էր՝ ինչ ես սարքել, մի հատ հավաքի քեզ»,- պատմեց Մերի Մակարյանի հայրը, որի խոսքով՝ բժիշկ Բախշյանին բարկացրել է նաեւ այն, որ Մերին հիվանդանոց է գնացել իր ծնողների, սկեսրոջ եւ սկեսրայրի ուղեկցությամբ եւ ասել է «հարսանի՞ք եք եկել»:
Վաղինակ Մարգարյանը պատմեց, որ երբ Մերին հուլիսի 23-ին սկսել է ջերմել, նրանք զանգել են բժշկին, վերջինս էլ կրկին հորդորել է չանհանգստանալ եւ «պարացետամոլ» խմել: Դեղահաբը չի օգնել եւ ծննդկանին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ անալիզներ վերցելուց հետո, հրաժարվել են նրան հոսպիատալացնել: Հոր խոսքով՝ Մերիի ինքնազգացողությունը հաջորդող օրերին եւս լավ չի եղել սակայն բժիշկ Բախշյանի հետ կապվել չեն կարողացել, նա չի պատասխանել հեռախոսազանգերին. հիվանդանցում չի եղել շաբաթ եւ կիրակի օրերին: Բժշկի հետ խոսել եմ միայն հուլիսի 27-ին:
Վաղինակ Մարգարյանը պատմեց, որ իրենք առաջարկել են կեսարյան հատում կատարել, սակայն բժշկուհին դեմ է եղել ասել է՝ « Ոչ մի պարագայում»:
Նշենք, որ դեպքի առթիվ օգոստոսի 3-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետեւանքով հղիության 35-րդ շաբաթում գտնվող Մերի Մարգարյանը մահացել է։ Գործով մեղադրյալ դեռեւս չկա:
Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են հենց «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին, ում մոտ էլ հաշվառված է եղել եւ 35 շաբաթ հետազոտվել է 26-ամյա կինը: Մերի Մարգարյանի եղբոր պատմելով՝ քույրը 4 օր շարունակ բարձր ջերմություն է ունեցել, սակայն բժշկուհին հրաժարվել է հոսպիտալացնել: Միայն հուլիսի 26-ին են նրան հիվանդանոց ընդունել, սակայն հաջորդ օրն արդեն իսկ խորհուրդ են տվել տեղափոխել այլ հիվանդանոց: Հարազատները տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրան անմիջապես կեսարյան հատում են արել: Մերիի վիճակը ծայրահեղ ծանր է եղել, հուլիսի 29-ին նա մահացել է: Հուլիսի 30-ին կեսօրին մահացել է նաեւ ծննդկանի նորածին դուստրը:
Աղբյուրը՝ NEWS.am