Facebook-ը գործարկել է «անվտանգության ստուգման» ծառայությունը Փարիզում դանակով հարձակումից հետո
ՀասարակությունFacebook սոցիալական ցանցը ակտիվացրել է «անվտանգության ստուգման» (Safety Check) ծառայությունը Փարիզում շաբաթ երեկոյան դանակով հարձակումից հետո։ Այս մասին հայտնել է BFM TV հեռուստաալիքը։ Ծառայությունը հնարավորություն է տալիս սոցիալական ցանցի օգտատերերին օպերատիվ կերպով տեղեկացնել, որ իրենք փրկվել են ահաբեկչության կամ տարերային աղետի ժամանակ։
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 12-ին ժամը մոտ 21։30-ին Փարիզի երկրորդ շրջանում, Մոնսինյի փողոցում՝ փարիզյան Օպերայի մոտ։ Նախնական տվյալներով՝ դանակով զինված մարդը անկանոն հարվածներ է հասցրել անցորդներին: Փարիզի ոստիկանության տվյալներով՝ չարագործի գործողությունների հետեւանքով մեկ մարդ է զոհվել, 4-ն էլ վիրավորվել են։ Նա 20-ամյա չեչեն է եղել։ Նա իր հետ փաստաթղթեր չի ունեցել, բայց քննիչներին հաջողվել է նրա ինքնությունը պարզել մատնահետքի միջոցով։
RTL ռադիոկայանը հայտնում է , որ հարձակվողի ծնողներին կալանքի տակ են առել։
Ոստիկանությունը կասկածյալին սկզբում փորձել է ձերբակալել էլեկտրաշոկերի միջոցով, սակայն չի հաջողվել, որից հետո երկու կրակոց է հնչել, ապա պարզվել է, որ հանցագործը սպանված է։
Հարձակման հետեւանքով տուժածներից 34-ամյա տղամարդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Ծանր վիրավորվել է նաեւ մի 54-ամյա կին։ Եվս երկու վիրավորների՝ մի աղջկա եւ մի երիտասարդի պակաս ծանրության վերքեր են պատճառվել։
«Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է, որ հարձակումն իրականացրել է իրենց զինվորներից մեկը։