Գավառ քաղաքի երկու զինծառայողների ծնողների հանձնվեց ՀՀ Պաշտպանության նախարարի շնորհակալագրեր
ՀասարակությունԳԱՎԱՌ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառ քաղաքից Հայոց բանակ զորակոչված ժամկետային զինծառայողներ Միշա Կարենի Սարգսյանը եւ Ալբերտ Աշոտի Բունոյանը լավագույն ծառայության համար արժանացել են ՀՀ Պաշտպանության նախարարի շնորհակալագրերին, որոնք հանձնելու համար զինծառայողների ծնողներին են այցելել Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի վարիչ Տիգրան Հակոբյանը եւ Գավառի զինկոմի տեղակալ Վանիկ Գոզեյանը:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ շնորհակալագրի արժանացած զինծառայողների ծնողները մեծ ոգեւորությամբ ընդունեցին պարգեւները՝ դրանք համարելով իրենց զավակների պարտաճանաչության, հայրենանվիրության արդյունքը:«Մենք հպարտ ենք, որ մեր զավակները, գտնվելով առաջնագծում, աչքի են ընկել հայրենիքի սահմաններն անառիկ պահելու գործում, որ անտրտունջ ու պատվով են կրում բոլոր դժվարությունները, որ նրանց շնորհիվ է խաղաղ ապրում մեր երկիրը:Հավատացած ենք, որ նրանք նոր խրախուսանքների կարժանանան ու տուն կվերադառնան պատվով, որպես կայացած ու կոփված մարդիկ»,-նշեցին Միշայի եւ Ալբերտի ծնողները: Ինչպես ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի վարիչ Տիգրան Հակոբյանը, Միշա Սարգսյանը բանակ է զորակոչվել 1916 թվականի ամառային զորակոչի, Ալբերտ Բունոյանը՝2017 թվականի ձմեռային զորակոչի ժամանակ: Միշա Սարգսյանը սովորում է Գավառի պետական համալսարանում, Ալբերտ Բունոյանը՝ Գավառի գյուղատնտեսական քոլեջում: Երկուսն էլ ծառայում են առաջնագծում, Միշան՝ Մատաղիսում, Ալբերտը՝ Տոնաշենում:«Պաշտպանության նախարարի շնորհակալագիրը խրախուսանքի բարձրակարգ աստիճան է, որով պարգեւատրվում են հայրենիքին ակնառու ծառայություններ մատուցած զինվորները: Տարվա ընթացքում մեր մարզից նման բարձր խրախուսանքի արժանանում են հատուկենտ թվով զինծառայողներ, ինչը հուշում է ոչ միայն այս պարգեւի կարեւորության, այլ նաեւ հայրենիքին մատուցած ծառայության մեջ աչքի ընկնելու մասին: Փառք ու պատիվ մեր ծնողներին, որ նման անձնուրաց, քաջ ու խելացի զավակներ են պարգեւել մեր հողին, մեր բանակին»,-նշեց Տիգրան Հակոբյանը:
Խոսրով Խլղաթյան