ՇՏԱՊ! Նոր իրավիճակ ընդդիմության դաշտում. ինչ է կատարվել
ՀասարակությունԻհարկե, չարժե ընկնել իրադարձությունների զարգացումից առաջ, առավել ևս, որ դեռ չի էլ մեկնարկել Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան բանակցությունը, այսպես ասած, իշխանության փոխանցման ճանապարհային քարտեզի շուրջ, այդուհանդերձ թերևս ժամանակն է արձանագրել հեղափոխության առաջին փուլի, այսպես ասած, քաղաքական արդյունքները՝ հատկապես, որ օրակարգում է արտահերթ ընտրության հարցը:

Իհարկե, ինքնին դեռ հարց է ոչ միայն դրա շուրջ համաձայնությունը, այլ նաև դրա պայմանները, անցկացման, կազմակերպման, վերահսկման մեխանիզմները և այլն, բայց առաջնորդվենք ճանապարհային քարտեզի ներկայացված ձևով ընդունման կանխավարկածով և դիտարկենք, թե, օրինակ, ինչպիսի հարաբերակցությամբ է մոտենում նախընտրական իրավիճակին քաղաքական դաշտը:

Այդ առումով հատկանշական է, որ «Իմ քայլը» շարժման հաղթանակի վերահասությանը զուգահեռ, երբ արդեն ակնառու էր դառնում, որ առնվազն Սերժ Սարգսյանի հրաժարականը դառնում է անխուսափելի, շարժման հանդեպ տարբեր ձևաչափի լոյալության հայտեր սկսեցին ներկայացնել քաղաքական դաշտի ամենատարբեր ուժեր, որոնք հավակնում են լինել հիմնական կազմի կամ խաղացողների շրջանակի մաս:

Այսինքն՝ այդ ուժերն արդեն պատրաստվում են ներգրավվել նախընտրական գործընթացին:
Սակայն այստեղ իրավիճակը իհարկե բավականին կոնկրետ է՝ այն իմաստով, որ ընդդիմադիր դաշտում ներկայումս երևի թե Նիկոլ Փաշինյանին որոշակի մրցակցություն կարող է ցուցաբերել միայն Գագիկ Ծառուկյանը՝ իր դաշինքով կամ կուսակցությամբ:

Միևնույն ժամանակ, հետաքրքիր է այն, որ նրանց ընտրազանգվածները լինելու են տարբեր, առնվազն հիմնական շերտի մասով: Ավելին, այդ իմաստով Ծառուկյանը ծածկում է թերևս ավելի շատ մյուս ընդդիմադիր ուժերի ընտրազանգվածը, քան Նիկոլ Փաշինյանի կամ «Քաղաքացիական պայմանագրի»:

Այդ իմաստով արտահերթ ընտրությունը քաղաքական վերակտիվացման շանս դիտարկող ուժերին երևի թե այլ բան չի մնա, քան ընտրել որևէ մեկին միանալու տարբերակը՝ կամ Ծառուկյանին, կամ Փաշինյանին:

Թեև նրանցից շատերը գուցե նախընտրեն միանալ ՀՀԿ-ին, եթե, իհարկե, ՀՀԿ-ն մասնակցի արտահերթ ընտրության, որովհետև ազատ և լիովին վերահսկելի օրինական ընտրության դեպքում դժվար է պատկերացնել, թե ինչ գործոնի հաշվին է ՀՀԿ-ն մտնելու խորհրդարան…
