Վայոց ձորի մանկական ճամբարից 16 երեխա է հոսպիտալացվել
ՀասարակությունՎայոց ձորի մարզի հանգստյան տներից մեկում ձեւավորված մանկական ճամբարից 16 երեխա այսօր՝ օգոստոսի 7-ին, աղեստամոքսային գանգատներով հոսպիտալացվել է Վայքի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք:
NEWS.am-ը առողջապահության նախարարությունից տեղեկացավ, որ բոլոր երեխաների մոտ դիտվել է որովայնի շրջանում ցավեր, գլխացավ, թուլություն, միայն 2-ի մոտ` նաեւ ջերմություն եւ փսխում: Երեխաների վիճակը գնահատվել է թեթեւ եւ միջին ծանրության:
Առողջապահության նախարարության մասնագետների խումբն անմիջապես մեկնել է դեպքի վայր եւ պարզել է, որ նախօրեին երեխաներից 2-ի մոտ նկատվել է թուլություն, գլխապտույտ, ջերմություն, որոնց նկատմամբ կազմակերպվել է բուժում, սակայն առավոտյան նրանք հոսպիտալացվել են:
Կազմակերպված հետազոտության արդյունքում հայտնաբերվել են այլ երեխաներ եւս, որոնք նույնպես հոսպիտալացվել են:
Հիվանդության առաջացման պատճառի հայտնաբերման նպատակով քննարկվել են եւ սննդային, եւ ջրային գործունները, կազմակերպվել են նմուշառումներ` թե խմելու ջրի ցանցից, թե երեխաներին մատակարարվող սննդից, ուսումնասիրվել են խոհանոցի եւ երեխաների կեցության պայմանները, ինչպես հիվանդներից, այնպես էլ կոնտակտավորներից ապահովվել են նմուշառումներ լաբորատոր հետազոտությունների համար: Կազմակերպվել են ախտահանման աշխատանքներ խոհանոցում, ննջասենյակներում, սանհանգույցում:
Ներկա դրությամբ ճամբարում հիվանդ երեխաներ չկան, իսկ հոսպիտալացված բոլոր երեխաները լավացումով դուրս են գրվել:
Աղբյուրը՝ NEWS.am