Հայկազ Բաղմանյանը նշանակվել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի տեղակալ
ՀասարակությունՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 22-ին հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Միացյալ շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ և 35-րդ հոդվածի 2-րդ մասերը` որոշում եմ.
Գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալ` կնքելով զինվորական ծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր` երեք տարի ժամկետով»,-նշված է հրամանագրում։
Կենսագրությունը
1981-1992 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
1992-94 թթ. մասնակցել է մարտական գործողությունների։
1992 թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի պաշտպանական շրջանի հրամանատար։
1993-1999 թթ. զբաղեցրել է գնդի, բրիգադի հրամանատարի պաշտոն։
1999 թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար։
2003 թ. ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար։
ՀՀ Նախագահի 2009 թվականի հունվարի 26-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։
ՀՀ Նախագահի 2013 թվականի հունիսի 10-ի հրամանագրով զինվորական ծառայությունը 2013 թվականի հուլիսի 30-ից երկարաձգվել է հինգ տարի ժամկետով։
ՀՀ Նախագահի 2017 թվականի դեկտեմբերի 5-ի հրամանագրով ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից։
2009 թ. ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: