Իմ որդին հոգեկան խնդիրներ չունի. Սուրիկ Խաչատրյան
ՀասարակությունAraratnews.am-ը գրում է.
«Ոչ մի հոգեկան խնդիր էլ իմ որդին չունի, տարեկետումը այն երեք ամիսների ձերբակալման հետևանքով է եղել, դրանից հետո իրեն չէին կարող զորակոչել բանակ, հետաքննություն է ընթանում, ավարտվի՝ ամեն ինչ պարզ կլինի»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն՝ խոսելով իր որդու՝ Տիգրան Խաչատրյանի ձերբակալման եւ մամուլի այն հրապարակումների մասին, որ մարզպետի որդին բանակից ազատվել է հոգեկան խնդիրների պատճառով:
Մարզպետը իր որդու ձերբակալությունն անօրինական է համարում:
«Իրեն անօրինական են ձերբակալել, իսկապես ինքը տեղյակ չէր այդ դեպքերից»,- նշեց Սուրիկ Խաչատրյանը:
Լրագրողներից մեկի հարցին, թե այդ թեմայով էր մարզպետը Կառավարություն եկել խոսելու Հովիկ Աբրահամյանի հետ, Սյունիքի մարզպետն ասաց. «Չէ, մարզում հրդեհներ կան, այդ հարցով էի վարչապետի մոտ»:
Հարցին՝ հնարավո՞ր է ինքը հրաժարականը տա, Սուրիկ Խաչատրյանն արձագանքեց. «Չեմ կարծում, չեմ ուրախացնի ձեզ»: