Չինաստանն ԱՄՆ-ին սպառնացել է պատասխան քայլերի դիմել իր արտադրանքի վրա մաքսատուրքերի սահմանման դեպքում
HeaderՉինական արտադրանքների վրա նոր մաքսատուրքերի ներդրման դեպքում Չինաստանը պատասխան քայլեր կձեռնարկի Միացյալ Նահանգների դեմ: Այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք բազմիցս շեշտել ենք, որ Չինաստանը կտրականապես դեմ է առեւտրում ցանկացած միակողմանի պաշտպանական միջոցներին: Եթե ԱՄՆ-ն, ի վերջո, որոշում կայացնի, որը կվնասի մեր շահերին, ապա, իհարկե, չինական կողմն իր իրավունքները պաշտպանելու համար անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Լու Կանը: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցությունը փոխշահավետ բնույթ է կրում:
Ըստ ԶԼՄ-ների՝ նոր մաքսատուրքերի ներդրման նախաձեռնողը ԱՄՆ առեւտրի ներկայացուցիչ, նախարար Ռոբերտ Լայթհայզերն էր: Տեղեկացվում է, որ ներմուծման այդ մաքսատուրքերը պատասխան կդառնան Չինաստանի կողմից, ինչպես պնդում է ԱՄՆ-ն, ամերիկյան արտադրողների ինտելեկտուալ իրավունքների խախտմանը: