Թուրքիայում PKK-ի հարձակման հետեւանքով 50 թուրք ժանդարմ է սպանվել
ՄիջազգայինԹուրքիայի Դողուբայազեթին (Բայազետ) կից Քարաբուլաքի ժանդարմերիայի բաժանմունքի վրա Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) ինքնասպան զինյալի հարձակման հետեւանքով 50 թուրք ոստիկան է սպանվել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է քրդական ANFturkce.net կայքը:
Նշվում է, որ հարձակումն իրականացրել է PKK-ի զինյալը` 5 տ պայթուցիկով բեռնված ավտոմեքենայով բախվելով ժանդարմերիայի շենքին: Հզոր պայթյունի հետևանքով շենքի փլուզմանը զուգահեռ պայթել է նաեւ զենքի պահեստը: Արդյունքում 50 թուրք զինծառայող զոհվել է, մեծ թվով ռազմական տեխնիկա հանվել է շարքից:
PKK-ն հայտարարել է, որ գործողությունը պատասխան քայլ է` Թուրքիայի օդուժի կողմից քրդաբնակ Զերգելե գյուղի վրա կատարման հարձակման դիմաց:
Թուրքական մամուլը, հղում կատարելով պաշտոնական մարմինների հրապարակումներին, հայտնել է, որ հիշյալ գործողությունում ընդամենը 2 զինծառայող է սպանվել: Ներկայում Թուրքիայում արգելվել է տեղեկություններ հրապարակել երկրում տեղի ունեցող տարբեր պայթյունների մասին: