Սերժ Սարգսյանը շնորհավորել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանին՝ վերընտրվելու առթիվ
HeaderՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունվարի 29-ին, շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ Չեխիայի բարեկամ ժողովրդին՝ հետագա առաջընթաց եւ բարօրություն:
«Չեխիան Եվրոպայում Հայաստանի կարեւորագույն գործընկերներից է , եւ մենք շահագրգռված ենք շարունակաբար ընդլայնելու եւ խորացնելու երկկողմ համագործակցությունը բոլոր ձեւաչափերում՝ հիմնվելով մեր ժողովուրդների բարեկամության եւ հոգեւոր-մշակութային ընդհանրությունների վրա։ Բարձր եմ գնահատում բարեկամ Չեխիայի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն ընդլայնվող օրակարգին։
Մեծապես կարեւորում եմ Ձեր ջերմ վերաբերմունքը հյուրընկալ Չեխիայում բնակվող հայերի նկատմամբ, Հայոց ցեղասպանության հարցում Ձեր անվերապահ գնահատականը եւ մեր անձնական բարեկամությունը»,- ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում: