Մայրը նետել է երեխային պատուհանից՝ փրկելով նրան հրդեհից
TVlraber.info-ն գրում է.
Պերուի մայրաքաղաք Լիմայի բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, որի ժամանակ մայրը նետել է իր երեխային չորրորդ հարկի բնակարանի պատուհանից՝ նրան փրկելու նպատակով:
The Daily Mail-ի հաղորդմամբ՝ կինը չի կարողացել իր երեխայի հետ դուրս գալ բնակարանից, քանի որ հրդեհը տարածվել է մուտքի դռան մոտ:
Աղբյուրը մանրամասնում է, որ հարևանները դուրս են եկել փողոց, փրկարարական ցանց փռել և խնդրել կնոջը պատուհանից նետել երեխային:
Սկզբում կինը կասկածել է, սակայն տեսնելով, որ այլ ելք չկա, նետել է վերմակով փաթաթված երեխային: Կինը մտավախություններ է ունեցել, որ իր դուստրն ընկնելու պահին կարող է գլխով հարվածել ասֆալտին և մահանալ կամ ծանր վնասվածքներ ստանալ:
Նշվում է, որ երեխան անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, իսկ կնոջը բնակարանից հանել են հրշեջները: Միջադեպից հետո նա նույնպես տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ պառկած է եղել իր դուստրը:
Բուժաշխատողների համաձայն՝ երեխայի ու մոր վիճակը կայուն է, և նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: