ԻՊ-ին միանալու ռուսաստանցու պլանները ձախողվել են SMS-ի պատճառով
ՄիջազգայինԹուրքիայի իշխանությունները ձերբակալել են Դաղստանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 26-ամյա ուսանողի, որը փորձել էր հատել Սիրիայի սահմանը եւ միանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։ Ինչպես գրում է Hurriyet-ը, տղան 6 ամիս առաջ դարձել էր դաղստանական մզկիթների արմատական համայնքի անդամ։
Նա հուլիսի 20-ին ժամանել էր Ստամբուլ, որպեսզի ավտոբուսով Թուրքիայի Հաթայ նահանգով անցնի Սիրիա։ Տղան կարճ հաղորդագրություն էր ուղարկել, թե մեկնում է հանգստի՝ Անկարայից 2 կմ հեռավորության գտնվող ծովափ։ Ծնողներին կասկածելի էր թվացել այդ աշխարհագրական սխալը, քանի որ Անկարան ծովափից բավական հեռու է գտնվում։ Դրանից հետո նրա ծնողները ժամանել էին Թուրքիա եւ որդու անհետացման մասին հայտնել իրավապահներին։
Թուրքիայի ազգային հետախուզությունը իրականացրած գործողության արդյունքում իրավապահները ձերբակալել էին տղային, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրան հանձնել են ծնողներին։ Ուսանողը հայտարարել է, որ չէր պատրաստվում միանալ ԻՊ-ին, եւ սիրիական սահման էր տարվել բռնի կերպով։