ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
HeaderՄիացյալ Նահանգներն ընդլայնել են Ռուսաստանից այն աստիճանավորների և պաշտոնատար անձանց ցուցակը, որոնց վրա տարածվում են պատժամիջոցները: Ընդլայնված ցանկ են մտել նաև այն մարդիկ, որոնք կապված են Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ, և մի շարք առևտրային և արդյունաբերական ձեռնարկություններ Ռուսաստանում և Ղրիմում:
Նոր սեկտորային պատժամիջոցների մասին հաղորդագրությունը և անձանց ու կազմակերպությունների ցուցակները հրապարկվել են ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կայքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ցուցակներում հիշատակվում են, մասնավորապես, Ռոման Ռոտենբերգը՝ Ռուսաստանի և Ֆինլանդիայի քաղաքացին, նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր, գործարար Բորիս Ռոտենբերգի որդին, Սերգեյ Կուրչենկոն, որը հայտնի է որպես «Յանուկովիչի ընտանիքի բանկիր», Ուկրաինայի նախկին նախագահի ավագ որդի Ալեքսանդր Յանուկովիչը, ինչպես նաև Ուկրաինայի նախկին փոխվարչապետ և նախագահի վարչակազմի ղեկավար Անդրեյ Կլյուևը և Իժևսկից «Կալաշնիկով» կոնցեռնի բարձրաստիճան աշխատակից Անդրեյ Բյուլյուտինը:
Առևտրային և արդյունաբերական կազմակերպությունների ցուցակը ներառում է Իժևսկի մեխանիկական գործարանը, «Իժմաշ» կոնցեռնը, ինչպես նաև Ղրիմում գտնվող՝ Եվպատորիայի, Թեոդոսիայի, Կերչի, Սևաստոպոլի և Յալթայի նավահանգիստները:
Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև մի ամբողջ շարք նավթարդյունահանող և վերամշակող ձեռնարկություններ, հաղորդել է BBC-ն: