Նաիրիտցիները Կառավարության մոտ անժամկետ նստացույց սկսեցին
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
«Նաիրիտ» գործարանի նախկին եւ ներկա մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր՝ հուլիսի 30-ին, Կառավարության շենքի դիմաց անժամկետ նստացույց սկսեցին՝ իրենց աշխատավարձային պարտքերն անհապաղ վճարելու պահանջով:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ նստացույց անողներին մոտեցավ Հայաստանի ՄԻՊ Կարեն Անդրեասյանը եւ տեղեկացրեց, որ այսօրվա Կառավարության նիստին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել է, որ բոլոր նաիրիտցիների աշխատավարձը 2 օրվա ընթացքում կփոխանցվեն:
«Երբ երկրի ամենաբարձր ամբիոններից մեկից այս խոստումը լսեցի, ես կարծում եմ, որ այն կկատարվի: Եթե երկուշաբթի օրը դուք ձեզ խոստացված աշխատավարձերը չստանաք, համեցեք ՄԻՊ գրասենյակ, մենք կգրանցենք բոլոր այն աշխատակիցների անունները, որոնք չեն ստացել աշխատավարձերը եւ կսկսենք զբաղվել այդ ուղղությամբ: Կարծում եմ, որ անարդար է՝ աշխատակիցների մի մասին վճարել, իսկ մյուսին՝ ոչ»,-ասաց նա:
Նաիրիտցիներին ՄԻՊ-ին ասացին, որ իրենք չեն հավատում նախարարի հայտարարությանը եւ շարունակելու են նստացույցը:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նույնպես մոտեցավ նսացույց անող նաիրիտցիներին եւ նախազգուշացրեց, որ նստացույց անողները չխախտեն հասարակական կարգը, հակառակ դեպքում ոստիկանությունը ստիպված կլինի նրանց հեռացնել Կառավարության շենքի մոտից:
Հիշեցնենք, որ «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձի գծով պարտքը կազմում է 5,3 մլրդ դրամ: Նաիրիտցիները բազմիցս բողոքի ակցիաներ են կազմակերպել կառավարության ու նախագահի նստավայրի մոտ՝ պահանջելով լուծում տալ իրենց խնդրին: Ձեռնարկությունը կանգնած է 2010 թվականի ապրիլից:
Ձեռնարկության աշխատակիցների խոսքով, իրենց խոստացել են վճարել աշխատավարձը միայն այն դեպքում, եթե նրանք հրաժարվեն ձգձգումների պատճառով առաջացած տուգանքներից: Աշխատավարձը կհատկացնի պետությունը՝ էներգետիկայի ոլորտի պետական ընկերությունների շահույթի հաշվին: