Դմիտրի Մեդվեդեւը ժամանել է Հայաստան (Ֆոտո)
HeaderՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը իր հայ գործընկեր Կարեն Կարապետյանի հրավերով պաշտոնական երկօրյա այցով ժամանել է Հայաստան։ Նրան օդանավակայանում դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
Այցի շրջանակում վարչապետներն առանձնազրույց կունենան, դրան կհաջորդեն ընդլայնված ձեւաչափով քննարկումները։ Բացի այդ, նախատեսվում է ստորագրել միջկառավարական, միջգերատեսչական եւ միջտարածաշրջանային փաստաթղթերի փաթեթ համագործակցության մասին։ Պլանավորվում է նաեւ, որ Մեդվեդեւը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
Վարչապետները կքննարկեն Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցության հեռանկարները տարբեր ոլորտներում։ Բանակցությունների ընթացքում անդրադարձ կկատարվի երկկողմ առեւտրատնտեսական, ներդրումային, արդյունաբերական եւ հումանիտար գործակցության հարցերին, կքննարկվի տարբեր ոլորտներում խոշոր համատեղ նախագծերի իրականացման ընթացքը։
Բացի այդ, ՌԴ վարչապետը հոկտեմբերի 25-ին կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որի ընթացքում կքննարկվի հարցերի լայն օրակարգ, այդ թվում՝ ԵՏՄ գործունեության գործնական բնագավառները։
Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի վարչապետները կքննարկեն ԵՏՄ մաքսային տարածքում ապրանքների անօրինական շրջանառության հակազդեցության միջոցները։