Թուրք մտավորականը Թուրքիայի իշխանությանը մեղադրում է ԻՊ-ին աջակցելու մեջ
ՄիջազգայինԹուրքիայի ներկայիս իշխանություններն անմիջական աջակցություն են ցուցաբերում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը և կանգնած են այդ կազմակերպության թիկունքին: Մայիսի 13-ին Երևանում լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց գերմանաբնակ թուրք մտավորական, Համբուրգի երկրամասի խորհրդարանի ձախերի խմբակցության ներկայացուցիչ Հասան Բուրգուջուօղլուն:«Հավատացեք, եթե չլիներ Էրդողանի կառավարությունը, կարող էր չլինել նաև «Իսլամական պետությունը», որովհետև հենց Թուրքիայի իշխանություններն են հովանավորում նրանց և կանգնած են նրանց թիկունքին»,- հայտարարեց մտավորականը:
Նա նաև հավատացրեց, որ ներկայումս Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններում Թուրքիայի մասնակցությունն այնքան ցայտուն է, որ ռմբակոծվում են հայկական եկեղեցիներ, հարձակումներ են լինում տարբեր քաղաքների հայկական թաղամասերի վրա:
Նա ընդգծեց, որ բացի հայերից, Սիրիայում բռնություններ են կիրառվում նաև ասորիների նկատմամբ, քայլեր են ձեռնարկվում ողջ քրիստոնեական ժառանգությունը ոչնչացնելու ուղղությամբ: Բուրգուջուօղլուի խոսքով՝ Սիրիայում քրիստոնեական մշակույթի ցեղասպանություն է իրականացվում բոլորի աչքի առաջ, և դա Թուրքիայի ձեռագիրն է: