Կալանավորված փաստաբան Գայանե Գալոյանի գործով ձերբակալված քննիչին ազատ են արձակել
ՀասարակությունՀատուկ քննչական ծառայությունում քննվող կաշառքի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում կալանավորված փաստաբան Գայանե Գալոյանի գործով սեպտեմբերի 27-ին ձերբակալված քննիչն ազատ է արձակվել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ձերբակալաված քննիչ Միքայել Զադոյանի շահերի պաշտպան Հրանտ Անանյանը: Նա նշեց, որ իր պաշտպանյալին դատարանը սեպտեմբերի 28-ին ազատ է արձակել իր՝ քննիչին ձերբակալելու ՀՔԾ-ի որոշման դեմ բողոքը քննելուց հետո: Երեւանի Զեյթուն եւ Արաբկիր վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը գտել է, որ Միքայել Զադոյանին ձերբակալելու հիմքեր չկան:
Նշենք, որ ավագ քննիչը կասկածվում է կաշառք ստանալու մեջ:
Փաստաբան Գայանե Գալոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Առաջադրված մեղադրանքից ենթադրվում է, որ Գալոյանը հանցակից է եղել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալուն: Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: