Ճապոնիայում շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում 7.400 մարդ է հոսպիտալացվել
HeaderՃապոնիայի տարածքի մեծ մասում հաստատված շոգ եղանակի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում երեք մարդ է մահացել, մոտ 7,4 հազար մարդ՝ հոսպիտալացվել, գրում է ria.ru-ն:
Հրշեջ պահպանության վարչությունը, որի ենթակայությամբ է գտնվում շտապօգնության ծառայությունը, ներկայացրել է հուլիսի 20-ից մինչև 26-ն ընկած ժամանակահատվածի տվյալները:
Տուժածների ամենամեծ թիվը գրանցվել է Տոկիոյի պրեֆեկտուրայում, այստեղ հոսպիտալացվել է 827 մարդ, Սայտամայում՝ 721 մարդ, Տիբայում՝ 522 մարդ: Հոսպիտալացվածների թվում մի քանի տասնյակ երեխա կա: Մի շարք պրեֆեկտուրաներում օդի ջերմաստիճանը հասել է 39 աստիճանի:
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ երեքշաբթի օրը՝ հուլիսի 28-ին, Տոկիոյում, Օսակայում և Կիոտոյում օդի ջերմաստիճանը մոտ 33 աստիճան կլինի: Ջերմաստիճանի բարձրացման առիթով օդերևութաբանները մարդկանց կոչ են անում օգտվել օդորակիչներից, փորձել երկար ժամանակ չգտնվել փողոցում, ինչպես նաև անընդհատ ջուր խմել։