Սուրիկ Խաչատրյանի որդուն կալանավորեցին
ՀասարակությունԱրաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մի քանի ժամ տեւած խորհրդակցության արդյունքում բավարարել է քննիչի միջնորդությունը եւ երկամսյա կալանք սահմանել Սյունքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի նկատմամբ։
Դատարանը մերժել է Տիգրան Խաչատրյանի փաստաբանի բոլոր միջնորդությունները` այդ թվում` գրավի դիմաց իր պաշտպանյալին ազատ արձակելու վերաբերյալ։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ այսօր՝ հուլիսի 27-ին, Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ 2015թ. մայիսի 2-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, տեղի է ունեցել վիճաբանություն՝ դրանից ժամեր առաջ Գորիս քաղաքում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ, որի հետեւանքով վնասվել էր Մուշեղ Զաքարյանի վարած ավտոմեքենայի կողային հայելին։
Վիճաբանության ժամանակ մի խումբ անձանց կողմից բռնություն է գործադրվել Մուշեղ եւ Հարություն Զաքարյանների նկատմամբ, որի հետեւանքով Մ.Զաքարյանին պատճառվել է միջին ծանրության, իսկ Հ.Զաքարյանին` ծանր մարմնական վնաս:
Տիգրան Խաչատրանը պնդում է, որ ներկա է եղել վեճին, սակայն ծեծկռտուքին չի մասնակցել։