Արցախում մեծ շուքով նշում են Անկախության հռչակման 26-րդ տարեդարձը (Ֆոտո)
ՀասարակությունԱրցախի մայրաքաղաքում այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Անկախության օրվա առթիվ, առավոտից սկսվել է մարդկանց հոսքը դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ եւ ծաղկեպսակներ են դրվել Հաղթանակը խորհրդանշող հուշաքարի պատվանդանին, հաղորդում է «Արցախպրեսը»:
Տոնի կապակցությամբ Արցախ են ժամանել բազմաթիվ հյուրեր տարբեր երկրներից: Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, պետական եւ զինվորական բարձաստիճան այրեր ժողովրդի հետ միասին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից ոտքով քայլել են մինչեւ քաղաքային հուշահամալիր:
Հայկական երկու պետությունների բարձագույն ղեկավարները ծաղիկներ եւ ծաղկեպսակներ են խոնարհել քաղաքային հուշահամալիրում եւ հարեւանությամբ գտնվող Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների շիրիմերին: Այնուհետեւ տեղի է ունեցել ՊԲ պատվո պահակախմբի հանդիսավոր քայլերթը:
Նշենք, որ այսօր Արցախի բոլոր շրջաններում եւս կազմակերպվում են բազմաբնույթ տոնական միջոցառումներ, իսկ երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունենալու տոնական համերգ, որը կավարտվի հրավառությամբ:






Լուսանկարները՝ «Արցախպրես»-ի