Էդվարդ Նալբանդյանը ԵՊՀ-ում դասախոսություն է կարդացել. Նա անդրադարձել է Արցախի խնդրին
HeaderՍեպտեմբերի 1-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ուսումնական տարվա մեկնարկի առթիվ Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում դասախոսություն է կարդացել, որին ներկա են եղել Մայր ԲՈՒՀ-ի եւ ՄՀ ֆակուլտետի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը, առաջին կուրսի ուսանողները:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանը ներկաներին շնորհավորել է ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ եւ մաղթել է բեղմնավոր ուսումնական տարի։ Խոսքն ուղղելով առաջին կուրսեցիներին՝ նախարար Նալբանդյանը բարի երթ է մաղթել ԵՊՀ ամենահեղինակավոր ֆակուլտետներից մեկի ուսանողներին:
Իր խոսքում եւ հարցերին պատասխանելիս Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է միջազգային ու տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրների եւ դրանց լուծումների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին՝ ընդգծելով, որ Հայաստանը շարունակելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերն՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը։