Փակել բնակարանների դռները եւ պատուհանները. ԱՆ հորդորը «Նաիրիտի» հրդեհից հետո
Ուշադրության կենտրոնում«Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունից եւ դրա հետեւանքով բռնկված հրդեհից որեւէ քաղաքացի մարմնական վնասվածք չի ստացել։ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ծխահարված երկու հրշեջներն այս պահին անհրաժեշտ բժշկական օգնություն են ստանում «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Նրանք առողջական լուրջ խնդիրներ չունեն եւ ամենայն հավանականությամբ այսօր դուրս կգրվեն։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի տվյալներով այրվող լաքէթինոլ նյութը բնակչության առողջության համար վտանգ չի ներկայացնում։ Այնուամենայնիվ, ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը`
-Հրդեհին մոտ գտնվող եւ այն տարածքներում, որտեղ զգալի են դրա հետեւանքով առաջացած արգասիքները (փոշի, անսովոր հոտ, ծուխ) փակել բնակարանների դռները եւ պատուհանները։
-Նույն տարածքներում խուսափել երկար ժամանակ դրսում մնալուց։ Այս հորդորն առաջին հերթին վերաբերում է երեխաներին, ծերերին եւ շնչառական հիվանդություններ (հատկապես` ասթմա, բրոնխիտ) ունեցողներին։
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի տվյալներով ժամը 17-ից հետո սպասվում է քամի հյուսիս-արեւելքից դեպի հարավ-արեւմուտք, ինչը նշանակում է, որ ծուխն Արարատյան դաշտավայրով կգնա դեպի Թուրքիայի տարածք։