4 մարդու կյանք խլած ողբերգական վթարից հետո վարորդն անհետացել է. ոստիկանությունը որոնում է
ՀասարակությունՍիսիան-Մեղրի ավտոճանապարհին հուլիսի 23-ին տեղի ունեցած ողբերգական վթարի մասնակից մեքենաներից մեկի վարորդը գտնվում է հետախուզման մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ՝ Կապանի 36-ամյա բնակիչ Ա.Հովհաննիսյանը իր կողմից վարած «Մերսեդես-Բենց E320» ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել նշված գոտով ընթացող «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենային, ապա դիմել փախուստի:
Նրան հայտնաբերելու նպատակով գրություններ են ուղարկվել ոստիկանության Կապանի, Սիսիանի և Նոյեմբերյանի բաժիններ, «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժին:
Նշենք, որ փախուստի դիմած վարորդի հետ մեքենայում են եղել 4 ուղեւոր. Գ.Գասպարյանը, Ա.Ալեքսանյանը և Հ.Ալեքսանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աղիտուի զինվորական հոսպիտալ, իսկ 4-ամյա Մ.Ալեքսանյանը մահացել է:
Մյուս մեքենայում եղած երեք ուղեւորները մահացել են:
Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր, որ հուլիսի 23-ին, ժամը 12.39-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Մեղրի ավտոճանապարհի 18-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար: Սիսիան-Գորիս ավտոճանապարհահատվածում բախվել են «Մերսեդես» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տվյալների` կա 4 զոհ եւ 3 վիրավոր:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: