Նաիրիտցիների աշխատավարձերը սկսել են վճարել
Հասարակություն«Նաիրիտ» գործարանի մոտ 400-450 նախկին աշխատակիցների այսօր` հուլիսի 24-ին, վճարել են իրենց ամբողջ աշխատավարձային պարտքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գործարանի մամուլի նախկին քարտուղար Անուշ Հարությունյանը` նշելով, որ այսօր աշխատավարձերը ստացել են երկու արտադրամասերի աշխատակիցները, որոնք 7 օր առաջ էին ստորագրել աշխատավարձերի ուշացման տույժ եւ տուգանքներից հրաժարվելու մասին համաձայնագիրը:
«Բոլոր աշխատակիցները մինչեւ մյուս շաբաթվա վերջ կստանան իրենց աշխատավարձերը, մեզ կառավարությունում այդպես են խոստացել: Եթե 1 աշխատակից էլ չստանա իր աշխատավարձը, մենք հուլիսի 30-ին բողոքի ակցիա կանենք կառավարության մոտ եւ կտրուկ քայլերի կդիմենք»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձի գծով պարտքը կազմում է 5,3 մլրդ դրամ: Նաիրիտցիները բազմիցս բողոքի ակցիաներ են կազմակերպել կառավարության ու նախագահի նստավայրի մոտ՝ պահանջելով լուծում տալ իրենց խնդրին: Ձեռնարկությունը կանգնած է 2010 թվականի ապրիլից:
Ձեռնարկության աշխատակիցների խոսքով, իրենց խոստացել են վճարել աշխատավարձը միայն այն դեպքում, եթե նրանք հրաժարվեն ձգձգումների պատճառով առաջացած տուգանքներից: Աշխատավարձը կհատկացնի պետությունը՝ էներգետիկայի ոլորտի պետական ընկերությունների շահույթի հաշվին: