Բելգիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել
ՄիջազգայինԲելգիայի Ներկայացուցիչների պալատը ձայների գերակշռող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի պաշտոնական կայքը, Ներկայացուցիչների պալատի անդամներից 124-ը կողմ են քվեարկել բանաձևին, իսկ 8-ը ձեռնպահ են մնացել:
Հուլիսի 22-ին Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում բանաձևի քննարկման ժամանակ ժխտողական ելույթներ ու տեսակետներ չէին հնչել:
Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 7-ին կողմ էր քվեարկել Բելգիայի կառավարության' Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագծին' այն փոխանցելով Ներկայացուցիչների պալատի քննարկմանը: Այն կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Բանաձևը նաև հայ և թուրք ժողովուրդներին' «համընդհանուր պայծառ ապագայի հույսով» հաշտեցման կոչ է պարունակում:
Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելը հունիսի 18-ին Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում կառավարության և իր անունից ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բելգիայի խորհրդարանն 1998 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ է ընդունել Վերին պալատի (Սենատի) մակարդակով: