Լոռու մարզում հրդեհը մարվել է հրշեջ-գնացքի օգնությամբ. այրվել է մոտ 10 հազար քմ տարածք (ֆոտո)
ՀասարակությունԼոռու մարզում նախօրեին բռնկված հրդեհը մարվել է հրշեջ-գնացքի օգնությամբ:
Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 23:45-ին Սանահինի կայարանից դեպքի վայր է մեկնել հրշեջ-գնացք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:00-ին, մարվել՝ 05:35-ին:
Այրվել է մոտ 10 հազար քմ մակերեսով խոտածածկ տարածք:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 15-ին՝ ժամը 19:51-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել ՀՀ Լոռու մարզի Այգեհատ եւ Ծաթեր գյուղերի միջնամասի անտառում:
Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել էր, որ «Լալվար» անտառտնտեսության սկզբնամասում այրվում է խոտ եւ մացառուտ: Լանդշաֆտի անանցանելիության եւ մոտեցման ուղիների բացակայության պատճառով հրդեհաշիջում իրականացնելն անհնար էր:
Տեղում երկու տեղամասով իրականացվել է հերթապահություն՝ հրդեհի մուտքը բուն անտառ կանխելու եւ առաջխաղացումը բացառելու նպատակով:
Կապ է հաստատվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հետ եւ պայմանավորվածություն ձեռք բերվել հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար ներգրավել հրշեջ-գնացքը:


