Տրամաբանություն չկա ինչ-որ փաստաթղթով փորձել այդ խուզարկություններն օրինականացնել . փաստաբան
ՀասարակությունԱյսօր հրավիրված ասուլիսին «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար, ՊՊԾ գունդը գրաված անձանց գործով փաստաբան Նինա Կարապետյանցը խոսելով Փաստաբանների պալատի եւ Դատական դեպարտամենտի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությանն ասաց, որ դա ավելի շատ ուղղված է Դատական դեպարտամենտի անօրինական գործողություններն օրինականացնելուն:
Ինչպես նշեց Կարապետյանցը՝ Փաստաբանների պալատի եւ Դատական դեպարտամենտի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունը, որը փաստաբանների նկատմամբ իրականացվող խուզարկությունները փաստացի օրինականացնում էր, որեւէ իրավական ուժ չունեցող փաստաթուղթ է:
«Եթե կա օրենքով սահմանված կարգ, որ փաստաբանին որեւէ մեկն իրավունք չունի խուզարկելու իր պարտականությունները կատարելու ժամանակ, հետեւաբար տրամաբանություն չկա ինչ-որ փաստաթղթով փորձել այդ խուզարկություններն օրինականացնել»,- ասաց նա:
Նինա Կարապետյանցի խոսքով՝ Փաստաբանների պալատն այս հարցում «խաղակցել է» իշխանություններին, որը շատ ցավալի է: Նրա կարծիքով՝ Փաստաբանների պալատը պետք է լիներ այն անկախ մարմինը, որը դատական համակարգում կունենար իր հավասարակշռող դերը:
«Փաստաբաններն օրենքին չպետք է հակադրվեն, բայց պետք է լինի այն ուժը, որը պետք է հավասարակշռի այն ապօրինությունները, որոնք պետք է տեղի ունենան իշխանության կողմից, հատկապես դատական համակարգում»,- նկատեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Փաստաբանների պալատը եւ Դատական դեպարտամենտը հանդես էին եկել հայտարարությամբ, որում նշում էին, որ կարեւորում են դատարանում դատավարության մասնակիցների եւ դատարանում գտնվող այլ անձանց կյանքի եւ առողջության պաշտպանության անհրաժեշտությունը եւ մի քանի կետով ներկայացնում էին, թե ինչպես է իրականացվելու փաստաբանների եւ նրանց իրերի հետ կապված զննությունը դատական այն գործերով, որոնց ժամանակ անհրաժեշտություն է առաջանալու ապահովել դատավարության մասնակիցների եւ դատարանում գտնվող այլ անձանց կյանքի եւ առողջության պաշպանությունը։