Սիսիան-Մեղրի ճանապարհին խոշոր վթարից զոհվածների ինքնությունը հայտնի է
Ուշադրության կենտրոնումՍիսիան-Մեղրի ավտոճանապարհին այսօր՝ հուլիսի 23-ին, տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով մահացածների եւ վիրավորի ինքնությունը հայտնի է: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները։
Ողբերգական վթարի հետեւանքով զոհվել են Ուկրաինայի քաղաքացիներ Արկադի Գասպարյանը (ծնված 1972թ.), Քրիստինա Գասպարյանը (ծնված 1994թ.), Երեւան քաղաքի բնակիչ Մ.Ա.-ն (ծնված 2011թ.), եւ Լեռնային Ղարաբաղի բնակիչ Սիմոն Պողոսյանը (ծնված 1965թ.):
Վիրավորվել էին նաեւ Երեւանի բնակիչներ Գենադի Գալստյանը (ծնված 1964թ.), նրա դուստրը՝ Անահիտ Ալեքսանյանը (ծնված 1991թ.), եւ թոռը՝ Հարություն Ալեքսանյանը (ծնված 2013թ.):
Ավելի վաղ Սիսիան քաղաքի զինվորական կայազորային հոսպիտալից NEWS.am-ին հայտնել էին, թե վիրավորների վիճակը գնահատվում է կայուն:
Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր, որ հուլիսի 23-ին, ժամը 12.39-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Մեղրի ավտոճանապարհի 18-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար: Սիսիան-Գորիս ավտոճանապարհահատվածում բախվել են «Մերսեդես» եւ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տվյալների` կա 4 զոհ եւ 3 վիրավոր:
Մինչ շտապօգնության աշխատակիցների կանչի վայր հասնելը` հրշեջ-փրկարարները տուժածներին ցուցաբերել են առաջին բուժօգնություն եւ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Սիմոն Պողոսյանի դին: