Վանում պեղումների ընթացքում ուրարտական շրջանի նոր սրբավայր է հայտնաբերվել
Ուշադրության կենտրոնումԱյժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Վան նահանգում թուրք հնագետները հերթական պեղումների ժամանակ հայտնաբերել են ուրարտական շրջանի հետաքրքիր մի սրբավայր, որը գտնվում է Վանի բերդից ոչ հեռու: Այս մասին հայտնում է թուրքական arkeolojihaber.net կայքը:
Թուրք հնագետ, դոցենտ Էրքան Քոնյարը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է, որ գտնված սրբավայրը բավականին մեծ տարածք է ներառում, «գտածոն» անակնկալ է եղել ամբողջ գիտահետազոտական խմբի համար:
Ըստ թուրք գիտնականի՝ սրբավայրի տարածքը կարևոր ու ավելի լայն տեղեկություններ է տալիս Ուրարտուի թագավորության ժողովրդի կրոնական պատկանելիության ու ծեսերի մասին, որոնք մինչ այդ իրենց համար անհայտ էին մնում:
Ամիսներ առաջ էլ Վանի նահանգում հնագետները 2.800 տարվա ցորենի սերմ են գտել: Սերմերը հայտնաբերվել են Վան քաղաքից 25 կմ հեռավորության վրա՝ ուրարտական Սարդուրի Երկրորդ արքայի ենթադրյալ ամրոցի պարիսպների մոտակայքում: